ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն «Ռուսաստանի նոր նախագահ» է անվանել: Լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել Թրամփի լեզվի սայթաքումը ելույթում, որում Թրամփը մեկնաբանում էր Զելենսկու հետ ունեցած սկանդալային հեռախոսազրույցի տեքստի հրապարակումը:
«Ինչպես գիտեք՝ Ռուսաստանի նախագահը, որ լավ մարդ է, հայտարարությամբ է հանդես եկել: Այնտեղ ոչինչ չկար: Ոչ մի ճնշում չի եղել նրա նկատմամբ»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների միջև հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուց մի քանի անգամ պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, իսկ նրա հայրը՝ Ջո Բայդենը, 2020 թվականին ԱՄՆ-ում նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել և կարող է դառնալ Թրամփի հիմնական մրցակիցը: