ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղն աննախադեպ շատ թուզ և արքայանարինջ է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Թեև թզի սեզոնն անցել է, բայց չինարեցիներն այսօր էլ ծառից քաղել և բեռնատարով Դաշնություն են ճանապարհել 7 տ թուզ: Չինարի համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը «Լուրերին» ասել է, որ մթերել են ավելի քան 200 միլիոն դրամի 355 տ թուզ: «Արդեն չորս ամիս է՝ Չինարին թուզ է արտահանում»,- ասել է Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ գյուղում այս տարի բերքառատ էին նաև արքայանարնջի ծառերը: Ավելի քան 10 միլիոն դրամի մոտ 60 տ արքայանարինջ է արտահանվել Չինարիից: «Չհաշված նաև տեղական շուկան, որտեղ ևս գյուղացիներն իրացրել են միրգը»,- նշել է համայնքի ղեկավարը: Սամվել Սաղոյանի խոսքով՝ մեծ հույսեր չեն կապում աշնանացան ցորենի հետ, քանի որ տարին երաշտ է, և 15 հա տարածքի վրա ցանած հացահատիկը դեռ չի ծլել: