Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մեկնարկել է պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։
Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը երկու տարբեր միջնորդություններ է ներկայացրել: Նախ՝ փաստաբանները միջնորդել են, որ ամբաստանյալի գործն անջատ քննվի, ինչը դատարանը մերժել է: Այնուհետև նրանք միջնորդել են Սանասարյանին վերականգնել ՊՎԾ պետի պաշտոնում: Այս միջնորդությունը ևս դատարանը մերժել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: