Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն ու լաբորատորիաների ստեղծումը, բարձրագույն կրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության զարգացումը:
Կողմերն ընդգծել են որակյալ կրթության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ծրագրերով նախանշվող մարդկային կարողությունների հզորացմանը միտված հնարավորությունները:
Նախարարը նշել է, որ ընթացող փոփոխությունները մեծածավալ են և առնչվելու են ոլորտի բոլոր շահառուներին, հետևաբար թիրախային խմբերը պետք է փոփոխություններին հաղորդակից դառնան։
Հանդիպման ընթացքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է կրթության ոլորտի բարեփոխումների այս փուլի ընթացքը: Անափիոսյանի խոսքով` բարեփոխումներն իրենց հիմնական արդյունքը կտան 10-15 տարի հետո, բայց կարևոր է նաև այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքները շոշափելի կլինեն կարճաժամկետ կտրվածքում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԲ-ի կողմից պատրաստվող «Աշխարհի զարգացման զեկույցի» (World development report) մարդկային կապիտալի զարգացման կրթական բաղադրիչին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրինագծի մշակմանը և մի շարք այլ հարցերի: