2020-ի հունվարի 1-ից դեպի Արցախ հեռախոսազանգերը աստիճանաբար կէժանանան:
Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ՀՀ և ԱՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները:
Նախագծով նախատեսվում է ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից, յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղ-տելեկոմ» ընկերության և «Վեոն Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ-ի):
Հիմք է ընդունվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և, հաշվի առնելով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «Վեոն Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թ. սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: