Ամիսներ առաջ ստեղծված Activecitizen.am-ը կամ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով քաղաքացիներին հնարավորություն տրվեց ներկայացնել սեփական առաջարկները, թե ինչ կցանկանային ունենալ քաղաքում:
«Հարթակի ստեղծումը Հայկ Մարությանի նախընտրական խոստումն էր, որը նախատեսում էր մասնակցային կառավարում և հետագայում արդեն էլեկտրոնային հանրաքվեների իրականացում: Այս հարթակը նաև լավ հնարավորություն է քաղաքային իշխանության համար` հասկանալ քաղաքացիների հոգսերը, առաջարկները: Սա հանրապետության և համայնքային մակարդակով առաջին փորձն է»,- նշել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Մի շարք զարգացած քաղաքներում ընդունված փորձը Երևանում կիրառելու համար նախատեսվում է տարեկան 500 մլն դրամ: Յուրաքանչյուր առաջարկի իրականացման արժեքը պետք է չգերազանցի 30 մլն դրամը: Երկու ամսվա ընթացքում հարթակը ստացել է շուրջ 700 առաջարկ: Սքեյթ-պարկ, երգող նստարաններ, անկենդան կրկես, լիցքավորման արևային մարտկոցներ, մարզական խաղահրապարակներ, թվային գրադարաններ, վերելակային թեքահարթակներ, աղբը տեսակավորող «խելացի» աղբամաններ: Առաջարկները ամենատարբեր ոլորտներից են՝ իրական ու երևակայական:
«Առաջարկներից 204-ը, որոնք համապատասխանում էին հարթակի կանոններին, ընդգրկվել են հարթակում՝ քվեարկության համար»,- ասել է Հովսեփ Կուբատյանը:
Առաջարկներին ծանոթանալ և քվեարկել հնարավոր է՝ այցելելով activecitizen.am կայք: Հարթակում արդեն գրացվել է շուրջ 4000 քաղաքացի:
Քվեարկությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը: Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինի, թե որ առաջարկները կիրագործվեն:
Արդեն 2020-ին երազանք թվացող մի շարք առաջարկներ կդառնան իրականություն:
«Ակտիվ քաղաքացի».ամ-ը կշարունակի գործել նաև որպես քաղաքային հանրաքվեների հարթակ: