Արաբական միացյալ էմիրություններում հրատարակվող «Գալֆ նյուզ» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ կընձեռի գործընկերների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար: Վարչապետը նշել է, որ հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձևավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում:
«Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր»,- ասել է Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ նոր կառավարությունն առաջին իսկ օրից ձեռնամուխ եղավ խորքային բարեփոխումների իրականացմանը, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնք մեր ժողովրդին փողոց էին դուրս բերել և զանգվածային բողոքներ հարուցել:
«Այսօր Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է առևտրի և տնտեսական համագործակցության համար, քանի որ մեր կառավարությունն զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ օրենքի գերակայության ամրապնդման, բիզնեսի և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առումով»:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: «Տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա»:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հիանալի հնարավորություններ է ստեղծում ներդրողների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը, էներգետիկան և այլն:
Նա համաձայնել է լրագրողի դիտարկմանը, թե՝ «Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր մայրցամաքային երկիր է», բայց հավելել է, որ «մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մե՛ծ է դարձնում»:
Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները»,- ասել է վարչապետը՝ չհամաձայնելով այն պնդումներին, որ Հայաստանը փոքր շուկա ունի. «Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության շուկային, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներն օգտվում են GSP+ արտոնյալ ռեժիմից՝ Եվրամիության հետ և GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ»:
Փաշինյանը խոսել է նաև Հայաստան - Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունների մասին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության տեմպերը: Նա հաստատել է, որ Միացյալ Էմիրությունը հուսալի գործընկեր է Հայաստանի համար առևտրի և ներդրումների ոլորտներում, ինչպես նաև՝ կարևոր հանգույց Պարսից ծոցի տարածաշրջանի և ասիական երկրների շուկաների հասանելիության առումով: