Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանաձորի օրվա առթիվ.
Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խոր պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր:
Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր... Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի:
Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը:
Շնորհավորում եմ բոլորիդ:
Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր: