ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Աժ նախագահն արժևորել է Սլովենիայի հետ գործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում: Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռևս ձևավորված չէ: Դեժան Ժիդանը նշել է, որ սկսել են բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները:
Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին: Ժիդանը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես խորհրդարանն այն կվավերացվի շատ կարճ ժամկետում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարևոր է: