ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Տարածքային զարգացման հիմնադրամից «Լուրերին» ասել են, որ համայնքի և հիմնադրամի միջև համաձայնագիրն արդեն կնքվել է: Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ կներդրվի ավելի քան 214 մլն դրամ՝ վերակառուցելու գյուղի խմելու ջրի ներքին ու բաշխիչ ցանցը: Կտեղադրվեն նաև ջրաչափեր: Ծրագիրն առաջիկայում կներկայացվի Համաշխարհային բանկ՝ համաձայնեցնելու գնումների պլանը: Շինարարական աշխատանքների համար կիրականացվի մրցույթ, և կսկսվեն աշխատանքները: Պառավաքար համայնքի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը «Լուրերին» հայտնել է, որ վերակառուցման կարիք ունի նաև խմելու ջրի 27 կմ երկարությամբ արտաքին ցանցը, որը կառուցվել է նախորդ դարի 70-ական թվականներին: Ըստ ամենայնի, խմելու ջրի հարցը կլուծվի 2020 թ. առաջին վեց ամիսների ընթացքում: Գյուղապետի խոսքով՝ գյուղի 70 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում: