Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է ՆԱՏՕ-ի ներգրավվածությանը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացում: Լավրովը համոզված է, որ «եթե Սիրիայի հյուսիս-արևելքում միջազգային վերահսկողության գաղափարին միանա նաև ՆԱՏՕ-ն, հնարավոր չի լինի դրական արդյունք ստանալ»: ՌԴ արտգործնախարարը տարակուսած է, թե ինչու պետք է «հաջող գործընթացում լինի այլ միջամտություն»: Ռուսաստանը միշտ ընդգծել է Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ նշել է. «Քրդական հարցի լուծումն անհնար է առանց Սիրիայի ամբողջ տարածքի և սահմանի վրա Սիրիայի կառավարության հսկողությունը վերականգնելու: Սիրիայի տարածքում ապօրինի տեղակայված բոլոր օտար ուժերը պետք է այդ երկրից հեռանան»: