Պաշտպանի ներկայացուցիչները հոկտեմբերի 21-23-ը չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների պայմաններին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների և բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաև պայմանավորված է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով: Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն պաշտպանության նախարարություն: