ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից և կարևորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարևորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջև շփումները՝ հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:
Կողմերը բարձր են գնահատել նաև հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի միջև սերտ համագործակցությունը:
Արարատ Միրզոյանը, մասնավորապես, բարձր է գնահատել Արցախի հետ Ֆրանսիայի Սենատի անդամների բարեկամության շրջանակի գործունեությունը, այդ թվում՝ դրա անդամների և ընդհանրապես խորհրդարանական պատվիրակությունների այցերը Արցախ:
Անդրադառնալով ԵՄ շրջանակում համագործակցությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային Ժողովը միջազգային իր բոլոր գործընկերներին հորդորում է հնարավորինս կարճ ժամկետում ավարտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը, որից հետո հնարավոր կլինի մեկնարկել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը Եվրամիության հետ: Նա, մասնավորապես, շեշտել է, որ թավշյա հեղափոխությունից հետո և ժողովրդավարության զարգացմանը զուգահեռ հայ հասարակության շրջանում կան մեծ սպասումներ, և Հայաստանն ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունն այդ հարցում:
Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արդի փուլին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր իրավունքները պետք է հարգվեն, անկախ այն հանգամանքից՝ Արցախը ճանաչված պետություն է, թե՝ ոչ:
Կարևորվել է Եվրոպայում առկա միտումը՝ դյուրացնելու միջազգային և Եվրոպայի խորհրդի կառույցների ներկայացուցիչների այցելությունը «գորշ գոտիներ»:
Վերահաստատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ կապերը՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը գտնվում է Սենատի օրակարգում, և Սենատը մոտ ապագայում անդրադարձ կկատարի դրան: Բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը՝ Ժերար Լարշեն վերահաստատել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման համար: