Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կոչվում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից»:
Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին:
Զեկույցում նշվում է, որ փախստականների զգալի մասը «կամավոր վերադարձի» փաստաթղթերը ստորագրում է բռնության պայմաններում, մի մասին էլ այդ փաստաթղթերը ստորագրել են տալիս խաբեությամբ, օրինակ` ասում են, որ դրանք պետք է ստորագրել վերահսկող մարմիններից նոր սավաններ կամ այլ պարագաներ ստանալու համար:
Կազմակերպությունը նաև հայտնում է, որ հուլիսից սկսած բազմաթիվ փախստականների վերադարձը կազմակերպելու նպատակով նրանց հետ աշխատանքներ են կատարվել, սակայն ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե քանի փախստական է ստորագրել այդ փաստաթղթերն ու վերադարձել Սիրիա: