ԱՄՆ գաղտնի ծառայությունը հարցաքննել է ռեփեր Էմինեմին՝ երկրի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հասցեին «սպառնալիք» պարունակող երգի պատճառով։
Գործակալները զրուցել են ռեփերի հետ նրա Framed երգի մասին։ Այդ երգում Էմինեմը հիշատակում է այն մասին, որ Իվանկա Թրամփը գտնվում է իր մեքենայի բեռնախցիկում, այնուհետև «հիմար փոքրիկ սպիտակամաշկ աղջիկը» նետվում է «լճափոս»։ Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ այդ երգի մասին բողոքով գաղտնի ծառայություն է դիմել TMZ պարբերականի լրագրողը։
Հարցաքննության ընթացքում գործակալները մեջբերել են Թրամփին նվիրված մեկ այլ ֆրիսթայլ, որով Էմինեմը հանդես է եկել մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ։ Ռեփերը հիշել է այդ տեքստը և սկսել կարդալ այն գաղտնի ծառայության աշխատակիցների հետ միաժամանակ։
Երկու օր անց Էմինեմի հարցաքննությունը քննարկվել է գաղտնի ծառայության խորհրդակցությունում, որում որոշվել է գործը դատախազին չուղարկել։