Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկում է «Չմիավորման շարժում» կազմակերպության 18-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն 60 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Մինչև գագաթնաժողովի սկսվելը կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, որից հետո՝ երկու պետությունների էներգետիկայի նախարարների համատեղ նիստը: Կողմերը կարևորել են Բաքվի և Թեհրանի միջև էներգիայի փոխանակումը վերսկսելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Շարժումը ձևավորվել է 1961 թվականին՝ նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում: Կազմակերպությանն անդամակցում է 120 պետություն, ևս 25 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դիտորդի կարգավիճակ ունեն:
Ի դեպ, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այս առիթով հոկտեմբերի 23-ին հանդես էր եկել պարզաբանմամբ և նշել, թե՝ «քանի որ Հայաստանը հանդիսանում է «Չմիավորման Շարժման» դիտորդ և նման ձևաչափով միջոցառումներին իր մասնակցությունը դիտարկում է՝ ըստ նպատակահարմարության, Բաքվում կայացող գագաթաժողովին մեր մասնակցությունը նպատակահարմար չի համարվել»:
Նշենք նաև, որ Բաքվի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը 3 տարով կստանձնի Շարժման նախագահությունը: