Լոռու մարզային փրկարարական վարչությունից հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղում մահացել է 22 տարեկան հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն, իսկ 27 տարեկան Էդգար Գ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեպքի առթիվ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ծանր այրվածքներ ստացած Էդգար Գ.-ն ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը: Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- գրել է նախարարը: ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում: