ՀՀ ոստիկանության զորքերում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն ու զորամասերի հրամանատարությունը։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մինչ խորհրդակցությանն անցնելը Արման Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով և ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամաններով պարգևատրված ծառայողներին հանձնել է մեդալներ, կրծքանշաններ ու պատվոգրեր։
Արման Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար։
Դիմելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ ոստիկանության զորքերը ոստիկանությանը պատիվ բերող ստորաբաժանումներից են, քանի որ պետական սահմանին իրականացնում են անձնուրաց ծառայություն։
Կարևորելով զորքի բարոյահոգեբանական վիճակն ու մարտունակությունը՝ ցուցում է տրվել հրամանատարությանը մշտապես աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը լինի միշտ բարձր։
Ոստիկանության զորքերի ծառայողներին հանձնարարվել է հասարակական կարգն ապահովելիս ակտիվացնել աշխատանքները նաև հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։
Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկանության զորքերում տեղի ունեցող կադրային փոփոխությունները պետք է լինեն անկողմնակալ և առաջ պետք է քաշվեն միայն արժանիները։
Արման Սարգսյանը հորդորել է մշտապես ավելացնել գիտելիքները, լինել ինքնավստահ, վճռական ու սկզբունքային։
Խորհրդակցությանը քննարկվել են ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: