Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այդ մասին իր Թվիթերի էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը.
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,- նշել է նա:
Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է:
«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը: Այս ներկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունը՝ ուղղված 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ավելի վաղ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կուղարկվի քվեարկության: Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին և որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, ինչպես նաև՝ այլ էթնիկ խմբեր, ազգի ներկայացուցիչներ, ռեալ ժամանակում արձանագրվել է ամերիկացի դիվանագետների կողմից»,-հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները: