Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդն Իբրահիմ ալ-Ասաֆին ազատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանին է նշանակել այդ պաշտոնում:
Այսպիսով, Ռիադը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից մեկ տարի անց փորձում է վերականգնել իր միջազգային դիրքը, որովհետև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այժմ էլ Խաշողջիի սպանության հետևանքով առաջացած իրավիճակն է համարվում Արաբիայի երկրորդ ամենալուրջ դիվանագիտական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Իբրահիմ ալ-Ասաֆը 1 տարի առաջ էր ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել Ադել ալ-Ջուբեյրին: Նա, ինչպես իր նախորդը, նախ նշանակվել էր նախարարի խորհրդատու, ապա արդեն՝ ԱԳ նախարար:
Նշենք նաև, որ Ֆեյսալ բին Ֆարհանը սույն թվականի փետրվարից մինչև իր նշանակման պահը եղել է Արաբիայի դեսպանը Գերմանիայում: Դրանից առաջ նա Վաշինգտոնում պաշտոնավարել է՝ որպես Արաբիայի դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական: