Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացումը և ընդլայնումը:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը:
Չինաստանի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար: