ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտնել է, որ Անկարան սխալ ուղղությամբ է շարժվում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հարաբերություններում՝ սերտ կապ հաստատելով ոչ թե Արևմուտքի, այլ՝ Ռուսաստանի հետ:
«Թուրքիան մեզ բոլորիս դրել է սարսափելի դրության մեջ: Թուրքիան դաշնակիցների հետ հարաբերություններում սխալ ուղղությամբ է շարժվում: Վերջին շրջանում տեսնում ենք, որ նրանք ավելի մոտ պտտվում են ռուսական, քան արևմտյան ուղեծրի շուրջ: Կարծում եմ՝ սա ցավալի է, և մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի մեր գործակցությունն ամրապնդենք Թուրքիայի հետ ու համոզվենք, որ նրանք կրկին կդառնան ավելի հզոր ու վստահելի, պատասխանատու դաշնակից, ինչպիսին նախկինում էին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվել էին ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր գնելու Անկարա-Մոսկվա գործարքից հետո: Լարվածության ևս մեկ պատճառ է դարձել Սիրիայում ռազմական վերջին գործողությունը: