Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։
«Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:
Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը ներկա լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»:
Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։