Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։
«Հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։
Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։