Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այդ մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համաժողովին բարձրաստիճան մասնակցության համար: Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանին հաջողված համաժողով կազմակերպելու կապակցությամբ:
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները անկախությունից ի վեր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և դրանց զարգացման դինամիկան դրական է:
Տիգրան Ավինյանն ու Դավիթ Զալկալիանին կարևորել են վերջերս տեղի ունեցած Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, ինչը կարևոր ազդակ է հանդիսացել երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաև մուտքի ընթացակարգերի պարզեցմանը: