Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «МГИМО. На всех языках мира» վավերագրական ֆիլմի համար. ֆիլմը նվիրված էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) 75-ամյակին, որտեղ սովորել է նաև Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրովից հետաքրքրվել են ուսանողական տարիներին իր ուսումնասիրած օտար լեզուների մասին: ՌԴ ԱԳ նախարարը պատմել է, որ ցանկացել է արաբերեն և ֆրանսերեն սովորել, սակայն իրեն բաժին են հասել անգլերենը ու սինգալերենը (Շրի Լանկայի պետական լեզուներից):
«Հետաքրքիր էր, որովհետև նոր լեզու էր, լիովին անսովոր գեղագրությամբ՝ ինչ-որ բանով նման էր հայոց գրին»,- պատմել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Լավրովը նաև պատմել է սինգալերենի իր դասախոս Ալեքսանդր Բելկովիչի մասին, որը չնայած երբեք չէր եղել Շրի Լանկայում, սակայն կարողացավ այդ լեզուն սովորեցնել իր բոլոր ուսանողներին: