Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից պատրաստվում է պահանջել հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Այս մասին Սինանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքի առնչությամբ:
«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել»,- գրել է Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Սինանյանը նման վանդալիզմը անընդունելի է համարել:
Հոկտեմբերի 23-ին Փարիզի հյուսիսում հարձակում էր կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ հարձակում էր կատարվել նաև Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա: