Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց գյուղատնտեսական ապահովագրություն ներդնելու պետական փորձնական ծրագիրը։
Պիլոտային ծրագիրը նախևառաջ կընդգրկի Հայաստանի 6՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերը: Ընդհանուր առմամբ, նախնական ծրագրով ապահովագրության ենթակա կլինի 30.000 հեկտար տարածք։
Կառավարությունն այս փուլում մտադիր է դեռևս միայն խաղողի և ծիրանի բերքն ապահովագրել հրդեհից, ցրտահարությունից և կարկուտից։ Ծրագիրն իրականացնելու և համակարգելու համար, ըստ կառավարության որոշման, նախատեսվում է ստեղծել «Գյուղատնտեսությունն Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպություն։
Պիլոտային ծրագրի մասնակից կլինեն պետությունը, գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողն ու KFW (Գերմանական զարգացման բանկ) բանկը, որն էական ներդրում է ունեցել ՀՀ-ում գյուղապահովագրության պիլոտային ծրագրի կայացման համար: Մասնավորապես, 2017-ին KFW-ն կառավարության հետ ստորագրել է ավելի քան 5.3 միլիոն դոլարի դրամաշնորհային ծրագիր։
Ըստ պիլոտային ծրագրի՝ գյուղապահովագրության համար առաջիկայում պետք է ստեղծվի օրենսդրական դաշտ, ապահովագրության ենթակա պրոդուկտների ցանկ և վնասների գնահատման ինստիտուտ: Հատուկ ուշադրություն կդարձվի իրազեկման ակցիաների իրականացմանը։
Կառավարության հիմնավորմամբ՝ ՀՀ տարածքն աչքի է ընկնում գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկայնությամբ, որովհետև աշխարհում հայտնի 350 բնական աղետներից 110-ը բաժին են ընկնում Հայաստանին։ Վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմում է 110 միլիարդ դրամ։