Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: ԱԺ խոսնակը նշել է, որ հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին:
«Քաղաքացիների հուժկու ճնշման շնորհիվ 2018 թվականի մայիսին հակաժողովրդավարական ուժերը դուրս մղվեցին իշխանությունից: Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես աննախադեպ ազատ և ժողովրդավարական, վերջնականորեն ազդարարեցին որպես ժողովրդավարական փոփոխություններ՝ պայամանավորելով գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայիս տեսքը: Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ արդեն հաջողվել է նախաձեռնել որոշ էական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, դատական ոլորտներում՝ ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անշրջելիությունը: Սակայն դեռևս գոյություն ունեն մարտահրավերներ և վտանգներ, որոնց առերեսվում է մեր երիտասարդ ժողովրդավարությունը: Հենց դրանց մասին կցանկանայի խոսել ձեզ հետ:
Լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ, կոռուպցիոն, ապօրինի հարստացման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բազմաթիվ գործերի հետաքննությունները ինչ-որ պահի բնականաբար առնչվում են դատական համակարգի հետ: Դժբախտաբար, որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել. ամենայն հավանականությամբ անձամբ ներգրավված լինելով կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ (հետաքննությունները դեռևս շարունակվում են և, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, թույլ տվեք չասել ավելին) և/կամ ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու քաղաքական փոխկապակցվածություն կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ՝ ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից մեկ տարի առաջ:
Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից և ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության և նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը և գործարկելու զսպումների և հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից և հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:
Տիկնայք և պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական և լեգիտիմ խորհրդարան և կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի և ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության և կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն և փիլիսոփայությանը:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին և օրենքի ոգուն համապատասխան: Քանի որ վերոնշյալները Հայաստանի հասարակության և Հայաստանի ղեկավարության առանցքային արժեքներն են, և մենք միանշանակորեն շարունակելու ենք այս արժեքների վրա հիմնված մեր ուղին:
Մեզ համար մեծ պատիվ է միավորված լինելով Եվրոպայի խորհրդի հետ՝ հիմքում ունենալով այս ընդհանուր արժեքները և մենք կպայքարենք դրանց համար երկրի ներսում, տարածաշրջանում և աշխարհում»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը: