Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։
Տիգրան Ավինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Զրուցակիցները կարևորել են նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։
Վրացական կողմի խնդրանքով Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները և կառավարման համակարգի բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր։