Խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումների նախագիծը: Այն ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
«Չենք կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնել: Լճից նորմալ ջրառը 50-60 մլն խորանարդ մետր է: Կառավարությունը պետք է հստակ իմանա՝ չափը 170 մլն խոր մետր է և վերջ: Անկախ նրանից՝ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է, թե ոչ»,- ասել է պատգամավորը:
Կարապետյանը նաև հայտնել է, որ այս տարի, անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: