Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի կողմից ձեռք բերված գործարքից հետո Ռուսաստանը զգուշացրել է, որ սիրիական քրդական զինված ուժերը Թուրքիայի հետ հետագայում նույնպես զինված բախումներ կունենան, եթե չհետևեն ռուս-թուրքական համաձայնությանը և չհեռանան Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսարևելյան սահմանից:
Քուրդ հրամանատարները դեռ չեն արձագանքել ռուս-թուրքական գործարքին, բայց ակնհայտ է, որ YPG-ի ամբողջական դուրսբերումն Էրդողանի հաղթանակը կնշանակի:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ավելի խիստ է արտահայտվել. «Եթե քրդական ուժերը չնահանջեն, սիրիական սահմանապահներն ու Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ստիպված կլինեն հետ քաշվել: Մնացած քրդական կազմավորումներն այդ ժամանակ կհայտնվեն թուրքական բանակի թիրախում», - ասել է նա:
Ի դեպ, Թեհրանը ողջունել Է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ձեռնարկած ջանքերը:
«Իրանը կողջունի ցանկացած քայլ, որը կհանգեցնի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ազգային սուվերենության ամրապնդմանը և տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: