Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:
Քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական առաջընթացի ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ներդրողների աջակցության, փոքր և միջին բիզնեսի խրախուսման, միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Արծարծվել են Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով էկոնոմիկայի նախարարության արդյունավետ և համակարգված աշխատանքը, ծախսերի նպատակայնությունն ու հասցեականությունը և մի շարք հանձնարարականներ տվել: