Արա Բաբլոյանը պնդում է, որ գործել է օրենքի և Սահմանադրության տառին համապատասխան: Հիշեցնենք, ՀՔԾ-ն երեկ տեղեկացրել էր, որ ըստ նախաքննության նյութերի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Այդ հրապարակումը հիմք է հանդիսացել Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու և նշանակելու գործընթացի համար: Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Բաբլոյանը գործում ներգրավվել է որպես կասկածյալ: