ԱՄՆ-ը վերացնում է Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցները: Խոստացված ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նշել, որ այդ պատժամիջոցները կարող են վերականգնվել, եթե Վաշինգտոնին չգոհացնեն Անկարայի քայլերը Սիրիայում: «Ինչպես տեսաք, մեր սահմանած զինադադարը Սիրիայում լավ աշխատեց: Այսօր առավոտյան Թուրքիան մեզ վստահեցրեց, որ զինադադարը հիմնովին է հաստատվել: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ այդ տարածաշրջանի համար «հիմնովին»-ը հակասական տերմին է, բայց հույս ունենք, որ իսկապես այդպես կլինի»,- ասել է Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին, նրան անվանել մարդ, որը շատ է սիրում իր երկիրը և խոստացել նրա հետ հանդիպել առաջիկայում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտին ստեղծված է: Իսկ Մոսկվան ԱՄՆ-ի գործողություններն անվանել է դավաճանություն քրդերի նկատմամբ: Ռուս-թուրքական համաձայնությունից հետո ռուսական պարեկային խմբեր են հայտնվել Մանբիջում և Քոբանիում:
Թրամփն իր հեռուստաելույթում նաև նշել է, որ ԱՄՆ փոքրաթիվ զինված ուժեր կմնան Սիրիայի նավթային շրջաններում՝ պաշտպանելու նավթահանքերը: