Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիքսին Չենին։ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ գործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է՝ ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։ Շինքսին Չենը կարևորել է Հայաստանի հետ գործակցության հետագա զարգացումը՝ հիմնված երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարևորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքներին, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։