Ազգային անվտանգության ծառայությունն անցյալ շաբաթ պարզաբանեց Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ իրականացրած գործողությունների անհրաժեշտությունը: Ըստ հաղորդագրության՝ ստացվում է, որ 2012-14 թվականներին ընկերությունը շինարարություն է իրականացրել պետական 3 հիմնարկում: Աշխատանքները եղել են առերևույթ թերի: Դրանք ընդունելու համար շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը պաշտոնատար անձին անհատույց շինանյութ է հատկացրել:
2010-2014 թվականներին արդարադատության նախարարը եղել է Հրայր Թովմասյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ որպես շինարար ներգրավված ընկերությունը պարտավորվել էր իրականացնել 855 մլն դրամի աշխատանքներ՝ Զաքյան 2 հասցեում:
Այս հասցեում ներկայում բնակելի շենք է: ԱԱԾ-ն, սակայն, հաղորդագրության մեջ նշել է Փաստաբանների պալատի նախկին հասցեն։ Պալատը մինչև 2017 թվականը տեղակայված է եղել հենց Զաքյան 2-ում: ԱԱԾ-ի մատնանշած 855 մլն դրամ գումարը նախատեսվել է ներդնել Պալատի կառույցում գտնվող Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի վերանորոգման աշխատանքներում։
Կառավարությունը 2012-ին որոշել է պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում գնտնվող նախկին Զաքյան 2, իսկ ներկայում՝ Զաքյան 7-ի 2 հասցեի շենքն ամրացնել նախարարությանը:
«Գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի շինարարության (վերանորոգման) իրականացման համար, որպես կառուցապատող, ներգրավել «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Կառուցապատողին թույլատրել գույքի վրա կառուցել 5-րդ հարկ, որի դիմաց կառուցապատողը պարտավորվում է կատարել ներդրում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և Սարի թաղի դպրոցի վերանորոգման համար»,- ասված է այդ փաստաթղթում:
Նույն որոշմամբ՝ կառուցապատողին սեփականության իրավունքով փոխանցվել են նկուղի և 1-ին հարկի տարածքները: 2014-ի փետրվարին գործադիրը լրացրել է որոշումը՝ 5-րդ հարկին ավելացնելով բարձր տանիքով ձեղնահարկը:
Փաստաբանական դպրոցի ու Հանրային պաշտպանի գրասենյակի բացումը 2014-ի ապրիլին էր: «Անգամ նախարարությունները կերազեին նման աշխատանքային պայմաններ ունենալ»,- բացմանն ասել է այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Լուրերին» հայտնեց, որ պալատը հանդիսացել է շահառու և վերահսկողության լիազորություններ չի ունեցել:
«Քանի որ տարածքը հանձնվում էր մեզ, այն ժամանակ էլ արդարադատության նախարարության գիտությամբ մեր ներկայացուցիչները գնացել եկել են, որևէ թերության դեպքում զանգել ենք»,- ասել է Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ կառուցապատող «Գոհարիկ» ՍՊԸ-ն լուրջ թերացումներ վերանորոգման ընթացքում թույլ չի տվել:
Գոհարիկ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը մինչև 2015 թվականը եղել է Էռնեստ Հովհաննիսյանը, իսկ տնօրենը՝ Սամվել Խաչատրյանը, վերջինս այժմ ընկերության տնօրենն ու սեփականատերն է: Նա նաև նույն շենքում տեղակայված Ցենտրալ հյուրանոցի տնօրենն է: Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանություն տալ: Ուշագրավ է, որ ՓՊ-ի շենքի պաշտոնական բացումից երկու տարի անց՝ 2016-ին, Գոհարիկ ՍՊԸ-ն վարկ է վերցրել բանկից և բարեկարգել նույն շենքի դիմային հատվածը՝ ներառյալ Փաստաբանների պալատինը:
Ըստ ԱԱԾ-ի՝ Աբովյան ՔԿ հիմնարկում և Սարի թաղի դպրոցում շինարարական աշխատանքները ևս եղել են թերի։ ԱԱԾ-ի աշխատակիցներն անցած շաբաթ բացատրություն են ստացել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից: Նա մերժել է փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը: