«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների գործադուլի հետ կապված ընկերությունը հայտարարություն է տարածել: «Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը»,- նշված է պարզաբանման տեքստում: ՀԿԵ ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2019 թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ 2 օր է՝ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Այսօր ակցիային են միացել նաև Սանահինի մեքենավարները: Լոռու մարզից «Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ երկաթուղու ղեկավարությունից մերժել են մեքենավարների պահանջը, ասելով, որ քայլը կլինի շղթայական, իսկ դրա հնարավորությունն այս պահին ընկերությունը չունի: Դեպոյի սանահինցի մեքենավարները հրաժարվել են որևէ բացատրություն տալ մեր թղթակցին, իսկ ծառայության պատասխանատուն արգելել է նաև նկարահանել: