Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։
Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանում Սերբիայի դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։
Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։
Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում կստորագրի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։