Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր ժողովուրդների միջև կան խոր պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ, և այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն Ալպ շրջանում:
«Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, և ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և կայացած է համարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ և ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջև առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերն-Ռոն Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Վարչապետը կարևորել է 2018 թ. ապրիլից Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երևանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը: