Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում՝ Թաբկա քաղաքի ռազմական ավիաբազայում, այս գիշեր վայրէջք են կատարել Ռուսաստանի ռազմական ուղղաթիռները։ Այսպիսով, հաստատվում են արաբական մամուլում նախապես շրջանառված լուրերն այն մասին, որ Մոսկվան օգնում է Դամասկոսին՝ Թաբկայի ավիաբազան վերազինելու և այն ողջ ուժով շահագործելու համար։
Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ այստեղ ԱՄՆ ռազմաբազան էր գործում, իսկ այսօր արդեն այն ամբողջությամբ վերահսկվում է պաշտոնական Դամասկոսի կողմից։
Հիշեցնենք նաև, որ 2014 թվականին ուղիղ 50 տարի առաջ կառուցված ավիաբազան և ընդհանրապես Թաբկա քաղաքը գտնվում էր ԴԱԻՇ խմբավորման, իսկ 2017-ի ամառվանից՝ Դամասկոսին ընդդիմադիր քրդական ուժերի վերահսկողության ներքո։
Այս տարվա հոկտեմբերի 14-ին, սակայն, Սիրիայի կանոնավոր բանակն իր վերահսկողության տակ առավ Թաբկան, որը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանից 80կմ հեռավորության վրա։
Մինչև պատերազմը՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքում շուրջ 70.000 մարդ էր ապրում․մեծամասնություն էին կազմում արաբ սունիները, բայց քիչ չէին նաև քրդերը, հայերն ու ասորիները։