Ազգային ժողովի հերթական նստաշրջանն սկսվեց մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած մի շարք օրինագծերի քննարկմամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած փոփոխություններով՝ պետք է հանվեին Հարկային օրենսգրքում առկա որոշ սահմանափակումներ, որոնք, ըստ պատգամավորի, բազմանդամ ընտանիքներին խոչընդոտում են սեփական աշխատավարձով հիփոթեքային վարկերը հաշվանցել իրենց եկամտային հարկերից։
«Բայց սա դեռ ամբողջ խնդիրը չէ. սահմանափակումները խնդիրներ են առաջացնում նաև կառուցապատողների համար, երբ ճարտարապետական հարցեր են առաջանում։ Հասկանալով, որ կան սահմանափակումներ՝ նրանք սկսում են լուծումներ գտնել, որոնք ամենալավը չեն»,-շեշտել է ընդդիմադիր պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պարզաբանել է, որ եթե օրենքում սահմանափակումներ չլինեն, պետական բյուջեի միջոցները չեն բավարարի եկամտային հարկը վերադարձնելու համար։
Նախագծին, այսպիսով, պատգամավորները դեմ քվեարկեցին, և այն նիստերի օրակարգ չներառվեց: