Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարում կայացան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները, որոնցից մեկում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լարված և դիտարժան պայքարում անցած պարտիայում, 34-րդ քայլից հետո, համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:
Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց 7,5 միավոր և չկարողացավ հավասարվել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, որը խաղաղ դաշն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ՝ իր անվան դիմաց գրանցելով 8 միավոր:
Նույն արդյունքը ցույց տվեց նաև չինացի Վան Հաոն, որն այս տուրում հաղթեց անգլիացի Դևիդ Հոուելին: Դա նշանակում է, որ Լևոն Արոնյանը զրկվեց նաև 2020-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրից:
Ի դեպ, Մագնուս Կառլսենը դասական շախմատի մրցաշարերում պարտություն չի կրել 101 անընդմեջ հանդիպումներում: Դա համաշխարհային նոր ռեկորդ է: Նա գերազանցել է չինացի Դին Լիժենի ցուցանիշը, որը չէր պարտվել 100 դասական մրցախաղերում: