Լիբանանի կառավարությունը, երկրում սկիզբ առած հակակառավարական ցույցերի ֆոնին, մի շարք տնտեսական բարեփոխումներ իրականացնելու որոշում է ընդունել: Վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած նախագծի համաձայն՝ Լիբանանի նախարարների և խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը կկրճատվի:
Երկրի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները համաձայնել են բարեփոխումներին, իսկ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին, կարևորելով համերաշխությունն ու ազգային միասնությունը, ժողովրդին կոչ է արել աջակցել կառավարության քայլերին:
Հիշեցնենք, որ վերջին հինգ օրերին Լիբանանում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ տնտեսական ճգնաժամի և կառավարության առաջարկած նոր հարկատեսակների։
Լիբանանի վարչապետն ու պաշտոնատարները հույս ունեն, որ այս բարեփոխման ու տնտեսական մի շարք այլ նախագծերի շնորհիվ հնարավոր կլինի մեղմել ժողովրդի դժգոհությունը և բարելավել երկրի տնտեսական վիճակը: