Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Իդլիբի շրջան, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և առաջին անգամ մեկնաբանել կառավարական ուժայիններին Թուրքիայի հետ սահմանին տեղակայելու որոշումը: Արաբական երկրի ղեկավարի խոսքով՝ թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Սիրիայի իշխանությունը կապ է հաստատել շրջանի քաղաքական ու ռազմական տարբեր ուժերի հետ և հայտնել Թուրքիային դիմակայող ցանկացած խմբավորմանը պաշտպանելու պատրաստակամության մասին:
«Սա քաղաքական որոշում չէ, այլ՝ սահմանադրական ու հայրենասիրական պարտավորություն: Եթե մենք դա չանեինք, արժանի չէինք լինի այս երկրին»,-հայտարարել է Ասադը:
Սիրիայի նախագահը հայտնել է նաև, որ քրդերը վաղուց են վստահեցնում Դամասկոսին, որ պատրաստ են պաշտպանել Սիրիայի հյուսիսային շրջանները, բայց Թուրքիան հասցրել է մի քանի բնակավայր գրավել կարճ ժամանակում: Ասադը Թուրքիայի նախագահին անվանել է գող, որը կողոպտում է սիրիական տարածքներն ու ռեսուրսները: