Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո» անսամբլի ելույթը։ «Օտրի Տրիոն» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):
Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն:
Երեկոյի ընթացքում «Օտրի Տրիոն» կկատարի Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում կհնչի նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն՝ ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար։ Այն Հայաստանում կհնչի առաջին անգամ։
Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։