Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների թվով: Այդ մասին ասվում է Global Wealth Report from Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում:
Ըստ հետազոտության, 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ, իսկ ԱՄՆ-ում այդ կարգին են դասվում 99 միլիոնը:
«Չնայած ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններին, վերջին 12 ամսում երկու երկրներն էլ մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսանկյունից՝ 3,8 տրիլիոն դոլար Միացյալ Նահանգները և 1,9 տրիլիոն՝ Չինաստանը»,- նշվում է զեկույցում:
Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր թվով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն:
Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին, 2018-ի համեմատ, միլիոնատերերի թիվն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն: