ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։
Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը, և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:
Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: