Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է, պարզվել է, որ իրավական առումով որևէ խնդիր չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
«Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել»,- ասել է Հ.Գրիգորյանը:
Նա հիշեցրել է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նշում է, թե բարեկամական որ կապերի դեպքում անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: «Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով որևէ խնդիր չունենք»,- ընդգծել է ՔԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան: