Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։
Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով՝ «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, 2016թ.-ից ի վեր՝ գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում և որևէ նպատակով չի օգտագործվել։
Պարզվել են առերևույթ հանցավոր այլ չարաշահումներ ևս։ Ընդհանուր առմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: